Վահանի հետ հանդիպումը շրջեց իմ կյանքը։ Չգիտեմ ի՞նչ կլիներ, եթե մենք չհանդիպեինք։ Հաստատ գիտեմ, թե ինչ չէր լինի. զգացմունքների եւ հուզականության կլանող փոթորիկ, տոկունության եւ համբերության ստուգում, անսահման առատաձեռնություն, գույնի ծավալուն ղողանջ արտաքուստ և ներքուստ, մանկական վստահություն եւ անկեղծություն, ասպետություն ու դերասանություն, խորաթափանցություն, կրթվածություն, իմաստություն եւ լիակատար ազատություն…
Հատկություններից միայն մեկն էլ երբեմն բավական է լինում ամբողջ կյանքում թռչելու կամ վայր ընկնելու, կանխորոշվածին հասնելու կամ հոգու այդ անհարմար եւ հավերժ տանջող ձգտումը հազար փակի տակ կողպելու համար…Ոչ բոլորը ներքին կանչին (ոչ թե մոլությանը, ո´չ) հետեւելու, անմնացորդ նրան տրվելու եւ մեկ անգամ արված ընտրությանը չդավաճանելու քաջություն ունեն։ Շատ ավելի դժվար է դա անել ՆԿԱՐՉԻ համար, ով ընտրել է ստեղծոգործությանը հավատարիմ մնալու ուղին։ Գաղափարը իր բնույթով ցնորական է, քանի որ հոգու մշտական նուրբ տրամադրվածություն, ճաշակ, զգացումներ, կեղծիքի սուր հոտառություն եւ արվեստին անզիջում նվիրում է պահանջում։ Ինչպես Վահանը մի անգամ ասաց.«…արվեստը ամուսին է, ոչ թե կին։ Եվ ոչ թե ինքն է քեզ մոտ տուն շտապում, այլ դու՝ կնոջ պես, վախենալով ուշանալ։»
Վահանը միշտ, ամեն տեղ եւ ամեն ինչում հավատարիմ էր արվեստին։ Կարծում եմ, նա հասել էր էությանը։ Նրա մեջ կեղծիք չկար, կար անսանձ եւ ստեղծագործ էներգիա, չնայած երբեմն թվում էր, որ այն ոչնչացնում է ամեն ինչ իր ճանապարհին։ Նա բոլորին ներգրավում էր շարման, արարման, ստեղծագործման հորձանուտի մեջ, առատաձեռնորեն նվիրում էր իր տաղանդը եւ զարմանալիորեն բոլորի վրա, ով նույնիսկ մեկ վայրկյանով էր իր կյանքում հայտնվել, ազդեցություն էր գործում։
Ինձ բախտ է վիճակվել հանդիպել Վահանին։
Այսօր Վահանի նյութական ներկայությունը եւ նրա հետ շփվելու հնարավորությունը նրա նկարներն են, դա է Նկարչի հետ «Հանդիպումը»։
Հաճելի´ ծանոթություն։